Երեկվա օրը լի էր բացահայտումներով, որ գաղտնիք չէին, բայց այն, ինչ գաղտնիք չէ, բարձրաձայնվելով է փաստ դառնում, իսկ փաստերը, որքան էլ հերքես, ավելի ես հաստատում:
Սկիզբը, գուցե անկախ իրենից, դրել էր Պարույր Հայրիկյանը, որ ասուլիսում հայտարարել էր, թե այս ընթացքով դուրս կգա ՕՕ դաշինքից: Ճիշտ է՝ իրեն հավատարիմ՝ Պարույր Հայրիկյանը նախ ասաց, որ կհեռանա, հետո ասաց, որ պետք է ամեն ինչ անել վերադարձնելու մյուս հեռացածներին, ապա նորից հեռացավ: ՀԴԿ-ի Արամ Սարգսյանն ավելի հաստատակամ էր՝ ասուլիսում ասաց, որ հեռանում է ու հեռացավ, նաև բացատրեց՝ ինչո՞ւ: Երրորդ հեռացողը Վիկտոր Դալլաքյանն էր, որ մանրամասնեց ու ցուցակ հրապարակեց: Նա ասաց, որ իր ու Սեյրան Օհանյանի համագործակցությունը տևական է եղել, բոլոր քաղաքական քայլերն ու որոշումները քննարկել են ու պայմանավորվել, իսկ հետո ամեն ինչ քանդվել է: «Իրոք, մենք լայն համախմբման կողմնակից ենք: Ես այն գործիչն եմ, որը փորձել է իր բոլոր հնարավորություններն օգտագործել, որպեսզի տեղի ունենա Սեյրան Օհանյան-Գագիկ Ծառուկյան համագործակցություն, բայց ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել: Ես ինքս առավելագույն ջանքեր եմ գործադրել, ու ցավում եմ, որ դա տեղի չունեցավ: Եթե այդ համագործակցությունը տեղի ունենար, Հայաստանում կարող էր ձևավորվել լուրջ բևեռ, որը կարող էր Հայաստանում իրականացնել արմատական բարեփոխումներ»,- ասել է Վիկտոր Դալլաքյանը: Օհանյան-Ծառուկյան հանդիպումները Դալլաքյանն է կազմակերպել. «Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումների ընթացքում ես նրա մոտ նկատել եմ ցանկություն համագործակցելու Սեյրան Օհանյանի շուրջ համախմբված կուսակցությունների հետ: Բայց նրան ներկայացվել են անիրականանալի և ինչ-որ տեղ ամբիցիոզ առաջարկություններ, որոնց պարագայում պարոն Ծառուկյանի կողմից համապատասխան ընկալում տեղի չի ունեցել: Ծառուկյանին ներկայացվել են այնպիսի առաջարկներ, որն անհնարին է դարձրել այդ համագործակցությունը»:
Իսկ հետո, փետրվարի 6-ին «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակում Սամվել Բաբայանը նրան է ներկայացրել ՕՕ դաշինքի համապետական ցուցակը, որի առաջին տասնյակում չի եղել Վիկտոր Դալլաքյանի անունը: «Մարդը անընդհատ հայտարարում է, որ ինքը հրապարակային որևէ գործունեություն չի ծավալում, բայց այցելում է կուսակցության գրասենյակ, ընդ որում` ինձ այցելելուց հետո այցելել է նաև դեմոկրատական կուսակցության գրասենյակ և հանդես է եկել նմանատիպ առաջարկությամբ։ Ես մերժել եմ Բաբայանի առաջարկությունները, քանի որ կուլուարային, ստվերային, ոչ հրապարակային մոտեցումը, գործունեությունը ինձ համար և որպես քաղաքական գործոն, և որպես քաղաքագիտական գործոն, անընդունելի է»,- ասել է Վիկտոր Դալլաքյանը:
Հետո նա հրապարակեց ցուցակը՝ Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Անդրանիկ Թևանյան, Վահե Հովհաննիսյան, Արմեն Մարտիրոսյան, Սուսաննա Մուրադյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Մարգարյան։ Վիկտոր Դալլաքյանը եղել է 11-րդը: Բայց տասնյակում չլինելը չէ պատճառը, որ «Երրորդ հանրապետության» նախագահը որոշել է հեռանալ: Ասուլիսում նա ասել է. «Պետք է լիներ խորհուրդ, որը կընդուներ որոշումներ: Պետք է քննարկվեին, թե ինչ ձևաչափով են ընդունվում որոշումները, ինչ ծրագրային դրույթներ պետք է լինեն, ինչ պլատֆորմ պետք է ունենար այդ միավորումը: Քանի որ այս ամենը տեղի չի ունեցել, այսինքն` երեք կողմերը նման հնարավորություն չեն ունեցել, ուստի կարծում եմ, որ նմանատիպ գործունեություն ծավալելը մեր կողմից աննպատակահարմար է, որովհետև եղել են որոշակի ստվերային, կուլիսային գործընթացներ: Մենք կողմնակից ենք հրապարակային գործունեության և եթե խնդիր ենք դրել, որ պետք է այս համագործակցության արդյունքում լինեին արմատական բարեփոխումներ, դա ենթադրում էր, որ բոլոր կարգի փոխհարաբերությունները պետք է լինեին հրապարակային, ոչ թե ստվերային: Քանի որ չի ապահովվել, մենք հայտարարում ենք, որ դադարեցնում ենք մեր մասնակցությունն այս համաձայնագրին»:
Սա սկանդալի առաջին մասն էր, երկրորդի դերակատարները Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն էին: Նրանք ստորագրեցին խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հուշագիր ու հետո հանդես եկան, մեղմ ասած, իրարից խիստ տարբեր ելույթներով: Հուշագրի մեջ էլ նրանք հաստատում էին, որ գիտակցում են՝ ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձևավորում, ընդունում են, որ հանրային կյանքի բարելավման, մարդու ու քաղաքացու իրավունքների պաշտպանության խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները, առաջնորդվել բացառապես պետական շահով՝ ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբում: Եվ լայն համախմբումը նրանք, փաստացի, հանգեցրին յուրայինների համախմբման, ճիշտ է՝ հայտարարելով, որ համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, հասարակական միավորումների, քաղաքացիական շարժումների, ՀՀ ու ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար: Իրականում նրանց համախմբման հիմքում ոչ միայն գաղափար չկա, այլև չկա իրենց հայտարարած նպատակը, գուցե այդ պատճառով հերթական անգամ հեռացավ Հայրիկյանը:
ՈՒ եթե Սեյրան Օհանյանը ընդամենը հայտարարում էր, որ բավական է երկրում եղած բացթողումները հանդուրժել, պետք է աշխատել դրանք վերացնելու ուղղությամբ, որ խորհրդարանական ընտրությունները լինելու են շատ կարևոր ընտրություններ, որ կարևոր է՝ յուրաքանչյուր անձ իր ներդրումն ունենա Հայաստանի համար ազգային ու միջազգային երաշխիքների ձևավորման համար, Րաֆֆի Հովհաննիսյանը ուղղակի ընդդիմադիր էր. Հայաստանի համար այսօր պատմական օր է, որովհետև ռազմական գործիչ, գեներալ, մեծ ավանդույթ ունեցող մեր հայրենակիցը, շատ փորձառու դիվանագետը, «Ժառանգությունը», այլ կազմակերպություններ ու կուսակցություններ որոշել են, որ Հայաստանի առջև մարտահրավերը այնքան բարձր է, որ պետք է իրար միանանք: Այսօր մենք մեկնարկ ենք տալիս նոր որակի, նոր խարիզմայի, նոր ղեկավարության շարժման, և «Ժառանգությունը» ամեն ինչ պետք է անի, որ այս պայքարը հանուն Հայաստանի քաղաքացու, հանուն մեր ազատության և ինքնորոշման պսակվի հաջողությամբ: Մենք ասում ենք «այո» Հայաստանի ինքնիշխանությանը, Արցախի տարածքային ամբողջականությանը և հայ զինվորին, որն այսօր կանգնած է մեր սահմանի վրա: Հանուն մեր կորուստների և մեր հերոսների և նրանց, որոնք այսօր ճաղերի հետևում են որպես քաղաքական բանտարկյալ, այս պայքարը պետք է տանենք: Վստահ ենք, որ այս ապօրինի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը, մենք միասին պետք է բերենք Հայաստանի սահմանադրականությունը, անկախությունը և ազատությունը»: Րաֆֆի Հովհաննիսյանը դեմքը փրկելու խնդիր ուներ ու ասում էր՝ ինչ պիտի ասեր, որ իր կուսակիցները տարածքային կառույցներում իրեն հավատային: Սեյրան Օհանյանը և Վարդան Օսկանյանը այդքան արմատական չէին: Նրանք ուրիշ խնդիր ունեն՝ նրանց խնդիրը հիմա իշխանության հետ հարաբերությունները չսրելն է՝ հրահանգը փոխվել է՝ մարտավարությունն է փոխվել:
Անահիտ ՍԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ սկանդալը կամ իրադարձությունների երրորդ մասը լրացրեց Սամվել Բաբայանը: «Այսօրին» տված հարցազրույցում նա հնարավորինս հերքել է իր կապն ու ներգործությունը ՕՀՕ-ի վրա. «Ես որևէ դաշինքի վրա չեմ կարող ազդեցություն գործել։ Եթե ինձնից խորհուրդ են հարցնում կամ կիսվում են ինձ հետ, ես կարող եմ իմ կարծիքը հայտնել, ոչ ավելին», «Ես հերքում եմ, ես ոչ մի դաշինք չեմ ղեկավարում։ Այդ դաշինքի մեջ որևիցե ձևով ես չկամ որպես անհատ»։ Բայց չի դիմացել ու ասել է. «Եթե մարդ-կուսակցություններ կան ու համարում են, որ իրենք պետք է լինեն առաջիններից, գնան պառլամենտ, որ 500 հազար դրամ թոշակ ստանան կամ քարտուղարուհի ունենան, այլ ոչ ժողովրդի համար մտածեն, այդ մարդկանցից պետք է ձերբազատվես», որ ուղղակի հաստատում է այն, ինչ ասում էր Վիկտոր Դալլաքյանը: «Ձերբազատման» գործընթացը Սամվել Բաբայանի կատարմամբ՝ ստացվեց: ՈՒ դա ամենասկանդալային հայտարարությունն է՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, որի առաջ խամրում են Արթուր Բաղդասարյանի «կաշի քերթելն» ու Հեղինե Բիշարյանի «աչքեր հանելը», Նաիրա Զոհրաբյանի «No pasaran»-ն ու Գագիկ Ծառուկյանի արնահեղություն կանխելը: Գիրուկ գեներալը, որ Ղարաբաղում չգտավ իր տեղը, գերազանցեց բոլորին՝ նա գործնականում հրապարակավ ընդունեց, որ ինքը մի քանի ամիս է՝ գորշ կարդինալի դերում դաշինքներ է կազմում ու քանդում, ցուցակներ է կազմում և ինքն է ամեն ինչ որոշում, ոչ թե որևէ մեկը հրապարակավ հուշագրեր ստորագրողներից: Իսկ եթե ավելի հստակ՝ ոչ թե ինքը, այլ՝ Ռոբերտ Քոչարյանը, որ Սամվել Բաբայանի միջոցով զգուշացնում է. «Երբ դաշինքներն ամբողջությամբ կձևավորվեն, ես ասել եմ, որ հայտարարելու եմ, թե որ դաշինքին եմ աջակցում, և իմ բոլոր հնարավորություններն ուղղելու եմ այդ դաշինքի աջակցմանը»։
Այսինքն՝ դաշինքների դաշինքը դեռ չի հրապարակվել, դա լինելու է ընտրությունների նախօրեին: Ռոբերտ Քոչարյանը, ինչպես և Սամվել Բաբայանը, աջակցելու է ու չի լինելու ցուցակներում՝ ոչ ավելի, ոչ պակաս։ ՈՒ այդ ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի ինքն իրեն բացատրի, թե ինչ գործ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, որ իրեն տարիներով քաղաքացիություն չէր շնորհում, մնացածը մոռանանք: ՈՒ այդ ժամանակ նաև ՀՀԿ-ն պիտի ինքն իրեն բացատրի՝ ինչպե՞ս վրիպեց, եթե, իհարկե, դաշինքների դաշինքը կայանա: